Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ֆրենսիս Ֆուկույամա. Ինչո՞ւ պետք է ուշադրություն դարձնենք Ուկրաինային

Ֆրենսիս Ֆուկույամա. Ինչո՞ւ պետք է ուշադրություն դարձնենք Ուկրաինային
18.12.2019 | 11:39

Աշխարհի բոլոր երկրներից, որ այսօր ժողովրդավարության անցման փորձեր են անում, Ֆրենսիս Ֆուկույաման ամենախոստումնալիցը համարում է Ուկրաինան: «Զելենսկու ընտրությունն ու նոր խորհրդարանը պարզապես հրաշք են.-ասել է Ֆրենսիս Ֆուկույաման Սթենֆորդի համալսարանի Ֆրիման-Սպոլի անվան միջազգային ինստիտուտի տնօրեն Մայքլ Մակֆոլի հետ հարցազրույցում:- Կարո՞ղ եք պատկերացնել, որ երկիրը ձերբազատել է իր խորհրդարանի 2/3-ից: Որ ամեն ինչ նորից է սկսել նոր մարդկանցով ու նրանցից շատերը դեռ 35 տարեկան էլ չկան»: «Ուկրաինան հիմա որոշակի իմաստով ճամփաբաժանին է,-ընդգծել է Ֆրենսիս Ֆուկույաման:-Մի կողմից կարող է օգտագործել այդ հնարավորությունը՝ անցնելու պետության հաջող բարենորոգված կառավարման, մյուս կողմից՝ լիովին հնարավոր է, որ Ուկրաինայի ջանքերը ձախողվեն, այդ ժամանակ կառավարությունը կկազմալուծվի»: Իհարկե՝ բարենպաստ ելքին բնավ չի նպաստում փաստը, որ Ուկրաինայի հարաբերություններն արևմտյան դաշնակիցների հետ այնքան էլ ամուր չեն, որքան առաջ: «ԱՄՆ-ը նախկինում նրանց ամենաուժեղ դաշնակիցն էր, սակայն Սպիտակ տունը ղեկավարում է նախագահ, ում այնքան էլ դուր չեն գալիս ուկրաինացիները,-բացատրում է քաղաքագետը:-Ես կարծում եմ, որ Գերմանիան ու Ֆրանսիան նույնպես թուլացնում են իրենց աջակցությունը անկախ Ուկրաինային, այդ պատճառով էլ երկիրն իրոք բարդ վիճակում է»: Ֆուկույաման ընդունել է, որ մինչև 2004-ի նարնջագույն հեղափոխությունը Ուկրաինան համարում էր այն երկրներից մեկը, որտեղ ամենաքիչն է հավանական ազատականացումն այն տեսքով, որ կատարվում է: Նրա խոսքով՝ այդ իմաստով Ուկրաինայի հաջողության կարևորագույն գործոններից մեկը դարձավ անհատական ու քաղաքական լայն ազատությունների ներդրումը, օրինակ՝ ուկրաինական մամուլը ակտիվ է երկար տարիներ և երկիրը ամբողջ աշխարհում պարծենում է իր հետաքննող լրագրողներով:


«Դա շատ ազատ ու շատ բաց հասարակություն է՝ ներքին մեծ ներուժով,-գտնում է Ֆուկույաման: -Ուկրաինայում դուք կարող եք քննադատել կառավարությանը: Իրականում ինձ թվում է, որ Պուտինի ներխուժումն Ուկրաինա խթանեց ուկրաինական ազգայնականությունը, ստիպեց քաղաքացիներին գիտակցել, որ իրենք իրոք կորցնելիք ունեն»: Ֆուկույաման Ուկրաինայով հետաքրքրվում է ոչ առաջին տարին՝ վերջին 5 տարիներին նա 6 անգամ եղել է երկրում, վերջին անգամ՝ 2019-ի նոյեմբերին, երբ 50 պատգամավորների համար պետկառավարման դասընթաց էր վարում: Ունկնդիրների միջին տարիքը 41 էր, Ֆուկույաման ստիպված էր գործ ունենալ ամենաերիտասարդ պատգամավորների հետ պատմության մեջ: Նրա շատ ունկնդիրներ քաղաքականության մեջ 0 փորձ ունեին: Նրանց հետ անցկացրած ժամանակը Ֆուկույաման անվանեց «ոգևորիչ», ու նշեց, որ նորընտիր ժողպատգամավորները բացահայտորեն ցանկանում են տեսնել իրական ժողովրդավարություն ու արմատախիլ անել կոռուպցիան երկրում: «Ինձ թվում է, որ մենք՝ ժողովրդավարական պետոությունների բնակիչներս, պարզապես պարտավոր ենք աջակցել Ուկրաինայի ժողովրդին: Որովհետև եթե նրանք ձախողվեն, հետևանքները կզգացվեն Ուկրաինայի սահմաններից դուրս»՝ գտնում է Ֆուկույաման:
Էլայս Վեներ, Stanford University


Հ.Գ. Գուցե Ֆրենսիս Ֆուկույաման ամեն տե՞ղ է պատմության ավարտ տեսնում, բայց Ուկրաինայի հարցում նրա տեսակետները նույնքան ինքնատիպ չեն ու նույնքան անհիմն են, ինչքան պատմության ավարտի տեսությունն է: Մի հարցում նա ճիշտ է՝ Արևմուտքը այլևս նախկին պես հետաքրքրված չէ Ուկրաինայով: Զելենսկին էլ այս հարցում ինքանտիպ չէ՝ նա լուծումը գտել է Արևելքում ու առաջին հասցեն Ադրբեջանն է: Բաքվում Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը նա հայտարարել է՝ «Ուկրաինան և Ադրբեջանը փոխադարձաբար պաշտպանում են միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման հարցերում»: «Միջագայնորեն ճանաչված սահմաններում մեր երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման առումով մենք մշտապես աջակցում ենք իրար: Առաջիկայում ևս շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ միջազգային կազմակերպություններում»՝ ասել է Զելենսկին: Ալիևն էլ հայտարարել է, որ Ադրբեջանի SOCAR պետական նավթային ընկերությունը կընդլայնի գործունեությունն Ուկրաինայում: «Մենք նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ այսօր պայմանավորվեցինք Ուկրաինայում SOCAR-ի գործունեության ընդլայնման մասին: Այդ երկրում այսօր գործում է SOCAR-ի 60 լցակայան և 4 նավթային բազա»,-ասել է Իլհամ Ալիևը: Զելենսկին նշել է, որ ուկրաինական կողմը «պատրաստ է աջակցել SOCAR-ի գործունեության ընդլայնմանն Ուկրաինայում»: Ահա և ամբողջ սխեման՝ Ուկրաինայում ժողովրդավարության հաղթանակի՝ փող է պետք: Ով տվեց՝ տվեց:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5867

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ